Հրայր Թովմասյանը Արամ Մանուկյանի՝ իր վատ պահվածքի մասին հայտարարությունից հետո մոտեցավ նրան (տեսանյութ)
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ցանկություն չուներ մեկնաբանել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի դիտողությանը, որը վերաբերվում էր նախարարի պահվածքին։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ Արամ Մանուկյանն ասել էր. «Երեկ երկու նախարարներն իրենց լավ չէին պահում ԱԺ-ում: Նրանց մեծ-մեծ խոսելը, հարգելի Հանրապետական, ձեր թույլտվության արդյունքում է, ո՞նց էին պահում իրենց նախարարն այստեղ, պահում էին այնպես, որ գիտեն, որ ոչ մեկը քթներին չի խփելու, չի հակադարձելու, ամենևին չեն զգում սա որպես պառլամենտ, որպես ժողովրդի կողմից ընտրված մարմին: Ո՞նց էր Հրայրի պահվածքը, շատ վատ, մեր վերաբերմունքն իրենց նկատմամբ պիտի լինի համապատասխան»,-նշել էր նա։
«Ես ինչ-որ մարդկանց ասածները չեմ մեկնաբանում, հարցը տվեք իրեն»,-այս կապակցությամբ հարցադրմանն ի պատասխան ասաց Հրայր Թովմասյանը:
Արդարադատության նախարարը խոսքը դեռ չէր ավարտել, երբ ԱԺ միջանցքում այդ պահին անցավ Արամ Մանուկյանը, ում նախարարը ձայն տվեց ու մոտեցավ նրան։ Հրայր Թովմասյանը նույնիսկ լրագրողներին պահանջեց չմոտենալ իրենց, քանի որ անձնական թեմայի շուրջ պետք է զրուցի Արամ Մանուկյանի հետ: Մի քանի րոպե զրուցելուց հետո նախարարը ՀԱԿ պատգամավորի ձեռքը սեղմեց և հեռացավ։
Հարցին, թե դա հաշտվելու փո՞րձ էր, Հրայր Թովմասյանն արձագանքեց, որ ոչ՝ մարդկային վերաբերմունք:
Իսկ Արամ Մանուկյանն ակնհայտ զարմացած էր նախարարի նման քայլից և նշեց, թե Հրայր Թովմասյանը իր դիտողության հարցով չէր մոտեցել իրեն։ «Ուղղակի մեջքս ցավում էր, գնացել էի բժշկի, ինքը խորհուրդ տվեց դիմել այլ մասնագետի»,-խոսակցությունը ներկայացրեց Մանուկյանը:
Մեր հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ խորհրդարանի ամբիոնից այն կողմ նրանք բարեկամական հարաբերություններ ունեն, Մանուկյանն արձագանքեց, թե իր վերաբերմունքը դրանով չի փոխվում:










