Բրիտանուհուն բանտ են ուղարկել ինքն իրեն «թրոլինգ» անելու համար

16:08 • 06.02.14

Մեծ Բրիտանիայի բնակչուհուն, ով ինքն իրեն վիրավորական հաղորդագրություններ էր ուղարկում Facebook սոցիալական ցանցով, դատապարտել են 20 ամսվա ազատազրկման, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:

 

Դատարանը որոշել է, որ 24-ամյա Միշել Չեփմենը Facebook-ում մի քանի կեղծ հաշիվներ է բացել՝ օգտագործելով իր հոր և խորթ մոր անունները: Դրանից հետո նա իր մոր անունից սկսել է ինքն իրեն «թրոլինգ» անել՝ ուղարկելով «ծայրահեղ տհաճ սեռական բնույթի» հաղորդագրություններ:

 

Երբ հավաքվել է բավական շատ նման հաղորդագրություն, աղջիկը դիմել է ոստիկանություն: Իրավապահ մարմիններում ծնողների կողմից «թրոլինգի» մասին Չեփմենի բողոքն ընդունել են ամենայն լրջությամբ՝ աղջկա հորը և խորթ մորը ձերբակալել են: Ավելի ուշ նրանց նախազգուշացումներ են տրվել: Սուտը բացահայտել հաջողվել է միայն ծնողների անունից վարվող հաշիվները ստուգելուց հետո, որոնք գրանցվել էին աղջկա համակարգչից:

 

Դատավորի խոսքով՝ Չեփմենի գործողությունները ծնողներին լուրջ հոգեբանական վնաս են հասցրել: Չեփմենի փաստաբանն իր հերթին դատավճիռն անարդար է համարել: Իր խոսքով՝ աղջիկը հոգեկան խանգարումներ ունի և նրա գործողությունն «օգնության կանչ» է: