Twitter-ն իր արխիվները կբացի գիտնականների համար
Twitter միկրոբլոգների ծառայությունը գիտնականներին ընկերության արխիվների հասանելիություն կտրամադրի, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով սոցցանցի պաշտոնական բլոգում հայտնված հաղորդագրությանը:
Twitter Data Grants անվանումը ստացած ծրագրի շրջանակում մի քանի հետազոտական կազմակերպություններ Twitter-ի սերվերներում պահպանվող օգտատերերի հաղորդագրությունների մասին տվյալներ կստանան: Ծրագրին մասնակցելու հայտ կարելի է ներկայացնել մինչև մարտի 15-ը:
Սոցցանցի ներկայացուցիչների խոսքերով՝ տվյալների հասանելիության բացումը թույլ կտա գիտնականներին հետազոտել շատ կարևոր գիտական խնդիրներ:
«Ծառայության միջոցով ամեն օր ուղարկվում է ավելի քան 500 միլիոն թվիթ: Տեղեկության այդ հսկայական պաշարը կարելի է օգտագործել ամենատարբեր հետազոտությունների համար՝ առողջապահության խնդիրների ուսումնասիրությունից մինչև նոր տարվա գալու հետ կապված մարդկանց արձագանքի ուսումնասիրություն»,- ասված է Twitter-ի հաղորդագրությունում:
Որպես օրինակ է բերվում, մասնավորապես, Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականների հրապարակած աշխատանքը: Հետազոտողներն օգտագործել են թվիթները գրիպի պոտենցիալ վտանգավոր համաճարակների կանխատեսման համար:
Իր արխիվների մուտքը Twitter-ը բացում է առաջին անգամ: Ավելի վաղ գիտնականները կարող էին աշխատել միայն սոցցանցի՝ հանրությանը հասանելի տվյալներով:










