ԱՄՆ-ում գրեթե առանց արյան ծնված երեխային հաջողվել է փրկել
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հիվանդանոցներից մեկում լույս աշխարհ եկած Հոփ Սուարեսը կյանքի առաջին իսկ պահից շատ տարօրինակ է թվացել բժիշկներին։
Ինչպես նշում է Huffinghton Post-ը, նորածինը եղել է ուրվականի պես գունատ, ինչը հիմք է տվել բժիշկներին ենթադրել, որ երեխան իր մարմնում գրեթե արյուն չունի։ Մասնագետները ծակել են փոքրիկի ոտքը, սակայն արյուն չի եկել, ուստի նրանք ծնողներին տեղեկացրել են, որ երեխան ողջ մնալու շատ չնչին շանսեր ունի։
Այնուհանդերձ, բժիշկներն անմիջապես արյան փոխներարկում են իրականացրել՝ հույս ունենալով, որ այդ միջոցն արդյունավետ կլինի։
«Նորածնի մարմնից բացակայում էր արյան 80%-ը, ինչի պատճառով նա անասելի գունատ էր»,-պատմել է բժիշկներից մեկը՝ հավելելով, որ փոխներարկումը դրական արդյունք է տվել։ Հետագայում պարզվել է, որ փոքրիկը կորցրել է արյունը դեռևս մայրական արգանդում՝ արնահոսության պատճառով։
Մասնագետները նշել են, որ բազմաթիվ դեպքեր են պատահում, երբ պտուղն արգանդում քիչ չափով արյուն է կորցնում, սակայն Սուարեսի պարագայում արնահոսությունը լուրջ է եղել ու վտանգել է նրա կյանքը։










