Բրազիլիայում տրանսպորտի գնի թանկացման դեմ բողոքն ավարտվել է բախումներով
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի զանգվածային ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով, հայտնում է BBC-ն:
Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել պիկ ժամին քաղաքի կենտրոնում երթևեկությունը խափանող ցուցարարներին ցրելու համար:
Իրավապահներին հաջողվել է ցուցարարներին դուրս մղել մետրոյից, սակայն բախումները շարունակվել են փողոցներում. իրավապահների ուղղությամբ քարեր և վառելիքով շշեր են նետվել:
Ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մի հեռուստաօպերատոր:
Անցած շաբաթ Ռիոյի քաղաքապետը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտը կթանկանա 9 տոկոսով: Ուրբաթ օրվանից հասարակական տրանսպորտով մեկ ուղևորությունն արժե արդեն ոչ թե 2,75 ռեալ (1,2 դոլար), այլ 3 ռեալ (1,3 դոլար):
Անցած տարի Բրազիլիայում բողոքի մեծ ալիք էր ծավալվել` կոռուպցիայի և այս ամառ կայանալիք ֆուտբոլի առաջնության համար արվող հսկայական ծախսերի դեմ:










