Ր. Հովհաննիսյանի հավաքին միանալ–չմիանալու որոշում ՀՅԴ–ն կկայացնի դրա օրակարգին ծանոթանալուց հետո

12:02 • 07.02.14

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը կսպասի, կտեսնի, թե ինչ օրակարգ է մտցնում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ի՝ Ազատության հրապարակում հրավիրած իր հանդիպմանը, հետո նոր որոշումներ կկայացնի:
 

Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցի, թե Դաշնակցությունը կմիանա այդ միջոցառմանը՝ անկախ դրա ձևաչափից։


«Նախ պետք է տեսնել՝ ինչ է տեղի ունենալու, ինչ խնդիրներ է դնում, մենք օրինակ՝ տվել ենք … էնպես չի, որ մեր մեջ փակվում ենք, բայց պետք հասկանանք՝ ինչ են ուզում անել … և ամենակարևորը՝ մենք ինքներս մեր հայտարարություններով իրար չհակասենք: Առնվազն գոնե առաջվա փորձը նկատի ունենանք, որ չի կարող ասենք՝ խմբակցության տեսակետը տարբերվել օրինակի համար՝ կուսակցության տեսակետից»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:


Պատգամավորն ասաց, որ մտավախություն ունի, թե այն ամենի նկատմամբ, ինչ-որ անում են ԱԺ՝ ում 4 ոչ իշխանական խմբակցությունների համագործակցության շրջանակում, «հանկարծ հրապարակում ինչ-որ նոր մոդելներ չառաջարկեն» ու բոլորին գցեն թյուրիմացության, շփոթության մեջ:


Արմեն Ռուստամյանը հավելեց նաև, որ քաղաքականության մեջ ամենամեծ արվեստը համաձայնությունների հասնելու արվեստն է, իսկ ամենատարածված հիվանդությունը այն հավակնությունները, որ թույլ չեն տալիս միավորվել: