Այնթապցին, ում տունը քանդվել է ապօրինի ստորգետնյա խողովակի պայթյունից, «ՀայՌուսգազարդ»–ից փոխհատուցում է պահանջում

20:35 • 07.02.14

Արարատ մարզի Այնթապ գյուղի 12-րդ փողոցի 10-րդ տունը 2013թ-ի մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը գազի արտահոսքի պատճառով բռնկվել և պայթել է: Արդյունքում ընտանիքի անդամներից Արտակ Պետրոսյանը ստացել է 3-րդ աստիճանի այրվածքներ: Ութ հոգուց բաղկացած Պետրոսյանների ընտանիքը բնակվում է վարձով: Tert.am-ի հետ զրույցում Արա Պետրոսյանը պատմեց, որ դեռևս դեպքից երկու ամիս առաջ իրենց փողոցով մեկ գազի հոտ էր տարածվել: Թեև ահազանգել են գազի վարչություն, սակայն մասնագետները եկել են ու չեն կարողացել պարզել պատճառները:

 

«Գազի հոտը երկու ամիս շարունակ գալիս էր: Վերջին անգամ ապրիլի 22-ին ենք զանգահարել գազի վարչություն: Եկան, նայեցին, ասացին՝ «ինչ-որ խողովակի հետ կապված փոքր խնդիր կար, ձգեցինք» ու դրանից հետո գնացին: Բայց հոտը շարունակում էր գալ: Այնքան ուժեղ էր գալիս, որ նույնիսկ բակում վախենում էիր ծխեիր, մտածում էիր՝ կարող է բռնկվի: Մենք էլի ասեցինք, որ այդ հոտը շարունակում է գալ, պատասխանեցին, որ համապատասխան սարքը չունեն, պետք է վերևներից ուզեն, նոր բերեն ստուգեն: Մայիսի 16-ին էլ եղբայրս ժամը 1-ին իր սենյակում ծխախոտ է ուզում վառել ու միանգամից բռնկվում է, ճնշումից պատերը փլվում են, ինքն այրվածքներ է ստանում»,-ասաց նա և նշեց, որ ներկայումս եղբայրը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, իսկ տունը մասնագետների եզրակացության համաձայն 4-րդ կարգի վթարային է:

 

Արա Պետրոսյանը պատմեց, որ դեպքից հետո միայն պարզվել է, որ վթարի պատճառը փողոցով անցնող մագիստրալն է եղել, որը, ինչպես նշեց Արա Պետրոսյանը, հողի տակ է եղել և անօրինական ձևով անցկացված:

 

«Մենք գազի վարչության աշխատակիցներին զգուշացրին, որ նման խողովակ կա գետնի տակ, ասացին՝ անհնար է, այլևս նման բան չկա: Բայց անօրինական խողովակ է, չգիտենք էլ՝ ուր է գնում դրա միջով անցնող գազը: Դա պլաստմասե խողովակ է՝ մոտ 4 դյույմ, միջին ճնշմամբ և ուներ 12 սմ պատռվածք, որտեղից էլ եղել էր արտահոսքը: Հողի շերտով եկել, լցվել էր տուն»,-ասաց նա:

 

Ներկայումս Պետրոսյանների ընտանիքը «ՀայՌուսգազարդ» ընկերությունից պահանջում է փոխհատուցել Արտակ Պետրոսյանի բուժման հետագա ծախսերը և հիմնանորոգել տունը:

 

«Մի երկու ամիս անց տարին կլրանա, բայց ոչինչ չեն ուզում անել: Եղբայրս միայն 70 օր պառկել է հիվանդանոցում, մի հատ չեն էլ հետաքրքրվել: Հետո հեռուստաընկերություններից մեկը անդրադարձավ մեր հարցին, ընկերության տնօրենը 3 մլն դրամով օժանդակեց: Բայց ես անգամ տնօրենին ասել եմ, որ դա հարցի լուծում չէ. ես տուն չունեմ, ներկա դրությամբ վարձով եմ ապրում, 8 հոգով ու 3 ամսական երեխա ունենք: Եղբորս էլ 4 վիրահատություն է անհրաժեշտ անել: Ես չեմ ուզում ինչ-որ մեկը դատվի, դեպքն արդեն եղել է, ուղղակի թող վերականգնեն այն, ինչ իրենց մեղքով է»,-ասաց նա:

 

Ըստ համապատասխան մարմինների եզրակացության՝ տունը գնահատվել է 10 մլն դրամ, իսկ գույքը 220 հազ. դրամ, ինչն Արա Պետրոսյանը չափազանց փոքր գումար է համարում:

 

«Իրենք միայն մատերիալի գինն են գնահատել: Բանվորի փողը, տունը քանդելու գումարը, նախագծի գումարը, դրանք հաշվարկի մեջ չկան: Բայց տունը դնենք մի կողմ: Եղբորս բուժման հարցը. հիմա 4 վիրահատություն է անհրաժեշտ ու չգիտենք էլ՝ էստեղ կարո՞ղ են անել, թե ոչ: Ներկայումս տան վարձը մենք ենք տալիս, այնպիսի նախարարություն չկա, որ չդիմենք, բոլորն ասում են, որ գործընթացի մեջ է, շուտ լինող բան չի: Գիտենք, որ անիմաստ ձգձգում են, որ «նադայել» լինես, ասես՝ «ինչ տալիս եք՝ տվեք, պրծնենք»»,-ասաց նա:

 

Հարցի հետ կապված դիմեցինք «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի ծառայություն պետ Շուշան Սարդարյանին: Վերջինս նշեց, որ գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում:

 

«Մենք կարող ենք մեկնաբանություն տալ միայն նախաքննական մարմնի եզրակացությունից հետո: Հարցը կմտնի դատարան, ու միայն վճռից հետո պարզ կդառնա, կան մեղավորներ, պատասխանատուներ, թե՝ ոչ»,-ասաց նա:

 

Նշենք, որ դեպքին Tert.am-ն անդրադարձել է դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին: