Մինչև մայիս Հայաստանում կխորանա հեղափոխական մթնոլորտը. Աշոտ Մանուչարյան
Հայաստանը ներկայումս գտնվում է խիստ դինամիկ վիճակում, թեև թվում է՝ ոչինչ չի փոխվում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ ընդգծելով, թե մինչև մայիս՝ մինչև Հայաստանի Մաքսային միությանը անդամակցությունը, երկրում հեղափոխական մթնոլորտը խորանալու է:
«Երկիրը շատ բարդ վիճակում է գտնվում և փոքրիկ սխալը կարող է շեղել մեզ արահետից ու բերել աղետալի վիճակի: Հսկայական է Արևմուտքի գործոնը Հայաստանի վրա, որի վրա ազդում են նաև Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները»,– ասաց նա:
Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Ուկրաինան և Հայաստանը տրամաբանության մեջ նույն վիճակում են, թեև տարբերություններ թեթև կան: Նրա խոսքով՝ երկու երկրներում էլ «իշխանությունը զբաղված է կողոպուտով» ինչի հետևանքով այդ իշխանությունների նկատմամբ ժողովուրդը ատելությամբ է լցված:
«Այդ պատճառով ընդվզում հեշտ է կազմակերպել, ինչը Ուկրաինայում սկսեց Արևմուտքը, բայց պարզվեց, որ մի կոպիտ սխալ է արել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սխալն այն էր, որ Արևմուտքը Ուկրաինայում դրեց աշխարհաքաղաքական հարց, այսինքն՝ ոչ միայն ազատվել ռեժիմից, այլև ընտրել եվրոպական ուղղվածություն:
«Արևմուտքը կատարեց սխալը, Ռուսաստանն էլ օգտվեց, բայց Ռուսաստանն էլ մի հարցում է միշտ սխալվում՝ ժողովրդի: Նա ժողովրդի գործոնը չի հաշվարկում, այդ կոպիտ սխալը միշտ անում է, միայն համակարգի հետ է պայմանավորվում, ժողովրդի հետ հաշվի չի նստում»,-ասաց նա:
Աշոտ Մանուչարյանը վստահությունը հայտնեց, որ Արևմուտքը Հայաստանում նույն սխալը չի կրկնի ինչ Ուկրաինայում: «Մենք ներկայումս գտնվում ենք սպասման մեջ, ակնհայտ է, որ կուտակվում է ընդվզման պոտենցիալը: Միակ ելքը համընդհանուր ընդվզում կազմակերպելն է, որը պետք է տեղի ունենա մեկ օր, այլապես կունենանք «Մարտի 1»,– ասաց նա:
«Անկասկած այսօր հեղափոխական մթնոլորտ կա, ժողովուրդը սարսափելի ատելությամբ է լցված ու ցանկանում է վերջ տալ իրավիճակին: Բայց դե վիճակից պրծնելու հարցը ավելի դժվար է»,-ավելացրեց Աշոտ Մանուչարյանը։










