Գիտնականներն առաջիկա ամիսներին «Էլ Նինյոյի» էֆեկտի առաջացում են կանխատեսել
Ամերիկացի կլիմայագետները կանխատեսել են, որ առաջիկա ամիսներին կառաջանա այսպես կոչված՝ «Էլ Նինյոյի» էֆեկտը, որն ուղեկցվում է Խաղաղ օվկիանոսի առափնյա հատվածում երաշտով ու հեղեղումներով։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին տեղեկացրել են Կլիմայի կանխատեսման կենտրոնի ամերիկացի մասնագետները։ Նրանք բացառել են այն, որ ջրի ջերմաստիճանի փոփոխությունը տեղի կունենա այս գարուն, սակայն այդ երևույթը հնարավոր է հետագա ամիսների ընթացքում։
«Էլ Նինյո» են կոչում եղանակային այն երևույթը, որի ժամանակ Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածի ջրերի վերին շերտն անոմալ տաքանում է։ Աղբյուրը նշում է, որ բրազիլական Ռիո դե Ժանեյրո նահանգում 2011թ. տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղը կապված էր հենց «Էլ Նինյոյի» հետևանքների հետ։
«Էլ Նինյոն» հիմնականում սպառնում է ավերիչ հեղեղումներով ամերիկյան մայրցամաքում ու կարող է երաշտի պատճառ դառնալ Ավստրալիայում ու Հարավային Ասիայում։










