Պատվաստման շնորհիվ տարեկան շուրջ 3 մլն մարդու կյանք է փրկվում. մասնագետ
Պատվաստումները բժշկական միջամտության ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցներից մեկն է, որի արդյունքում աշխարհում տարեկան փրկվում է 3 մլն մարդու կյանք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» փորձագետ Գայանե Սահակյանը՝ ընդգծելով, որ պատվաստումների ռիսկը շատ ավելի փոքր է դրա դեմ տարվող հիվանդության ռիսկից:
«1994թ-1995թթ-ի դիֆթերիայի բռնկումից հետո, մեր երկրում մահացավ 34 մարդ, որից հետո տարվեցին լրացուցիչ աշխատանքներ ու տասը տարուց ավել է դեպքեր չեն գրանցվել Հայաստանում: Նախկինում յուրաքանչյուր տարի Հայաստանում պոլիոմիելիտի 5-10 դեպք էր հայտնաբերվում, որը նպաստում էր հաշմանդամության մեծացմանը: 1995թ-ի հետո Հայաստանում այս հիվանդությունը չի գրանցվել»,- ասաց մասնագետը:
Նա նաև նշեց, որ անցած տարի Վրաստանում, իսկ ներկայումս նաև Ռուսաստանում տարածված են կարմրուկն ու կարմրախտը, և չնայած այս երկրների հետ Հայաստանի բնակչության մեծ շփմանը, մեզանում գրանցվել է կարմրուկի 11 դեպք, իսկ կարմրախտի՝ 4:
«Հեպատիտ Բ-ի դեպքեր չունենք, եթե ունենայինք կաճեին լյարդի հիվանդությունների քանակը և մահացությունները: Մենինգիտը, թոքաբորբը մինչև հինգ տարեկան երեխաների մոտ նվազել են 2,5 անգամ, ինչը նաև ազդել է մահացությունների ցուցանիշի նվազման վրա»,- ասաց նա:
Նա անդրադարձավ նաև պատվաստանյութերի որակին ու անվտանգությանը և նշեց, որ վերջերս հաճախ խոսվում է դրանց ժամկետանց լինելու մասին:
«Մենք այսօր պետք է պահպանենք մեր ձեռքբերումը: Ասում ենք, թե հնդկական են պատվաստանյութերը, անորակ են: Ես վստահեցնում են, որ բոլոր պատվաստանյութերը եվրոպական երկրներից են բերվում, երբ որ բերում ենք տվյալ տարվա համար ենք բերում ու տարվա ընթացքում սպառվում են, թեև ունեն մի քանի տարվա օգտագործման ժամկետ: Նշում են, որ այլևս դրանք անհրաժեշտ չեն, եթե հիվանդություններ չկան: Եթե Հայաստանում չկան, այլ երկրներում կան, ապա նշանակում է, որ ցանկացած պահի կարող են ներթափանցել Հայաստան»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ նախորդ տարվա ընթացքում մահացած երեխաները ոչ թե պատվաստումից են մահացել, այլ թոքաբորբից:










