Վրացական բանտում հացադուլ է սկսել մոտ 1000 կալանավոր

12:43 • 07.02.14

Վրաստանում՝ Քութաիսիից ոչ հեռու գտնվող Գեգութիի բանտում, մոտ 1000 կալանավորներ հացադուլ են հայտարարել՝ բողոքելով հաստատության աշխատակիցների կողմից դաժան վերաբերմունքի դեմ, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

«Սա կազմակերպել են քրեական հեղինակությունները, որոնք պատիժ են կրում այս բանտում»,- հայտարարել է Վրաստանի պատժի կրման նախարար Սոզար Սուբարին։

 

Նա հաղորդել է, որ նման ակցիա սկսելու մասին իրեն տեղեկացրել էին դեռ մի քանի շաբաթ առաջ, և նախարարն անգամ այդ առնչությամբ նամակ էր ուղարկել Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանին։

 

«Հենց կալանավորների այդ խմբի դեմ էլ վերջին ժամանակներում ձեռնարկվել են միջոցառումներ՝ բացառելու նրանց արտոնյալ վիճակը բանտում։ Այդ քայլերը նրանց դուր չի եկել, և նրանք մյուս բանտարկյալներին հացադուլի են դրդել»,-ասել է Սուբարին։

 

Այժմ բանտի մոտ հավաքվում են կալանավորների հարազատներն ու բարեկամները։ Նրանք պահանջում են հանդիպում բանտի ղեկավարության հետ։

Բանտում արդեն եղել է Վրաստանի «Ժողովրդական պաշտպանի» ներկայացուցիչ Գեորգի Լաբաձեն։ Նա հանդիպել է բանտարկյալներից մեկին, ով պատմել է, թե ինչ բռնությունների են ենթարկել իրեն։

 

Լաբաձեն լրագրողներին տեղեկացրել է, որ կալանավորի մարմնի վրա տեսանելի են եղել ֆիզիկական բռնության հետքեր, սակայն դրանց ծագումը պետք է փորձաքննության ենթարկվի։