Օլանդի վարկանիշը հասել է պատմական նվազագույնին
TNS Sofres սոցիոլոգիական ինստիտուտի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի բնակչության միայն 19%-ն է վստահում երկրի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդին, նշում է Russia Today-ը՝ հավելելով, որ ընդամենը 1 տարում նախագահի վարկանիշը 10%-ի անկում է արձանագրել։ Իսկ անցած 1 ամսվա ընթացքում նրա վարկանիշն ընկել է 3%-ով։
Օլանդի հեղինակության նման կտրուկ անկման պատճառը, ըստ փորձագետների, նրա կողմից ներկայացված «Պատասխանատվության պակտն է», որը ենթադրում է ձեռնարկությունների համար հարկերի իջեցում։ Սակայն վարկանիշի անկման հարցում մեծ դեր է ունեցել նաև նախագահի՝ երկրում գործազրկության աճը կանգնեցնելու խոստումը, որն առ այսօր չի իրականացվել։ Օլանդի նախագահության ընթացքում գործազուրկների թիվն անցել է 3 մլն-ը, իսկ 2013թ. այդ թիվն ավելացել է 177.800-ով։
Բացի այդ, վերջին 2 տարվա ընթացքում Ֆրանսիայում սահմանվել է 84 նոր հարկ, սակայն ֆրանսիացիների 2/3-ը վստահ է, որ այդ հարկերը չափազանց բարձր են։ Բնակչության 80%-ի կարծիքով՝ նախագահի տնտեսական քաղաքականությունն անարդյունավետ է։
Աղբյուրը հավելում է, որ ավելի ցածր վարկանիշ ունեցել է միայն երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակը, ում գործունեությանը կառավարման միայն 11-րդ տարում հավանություն է տվել բնակչության 11%-ը։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օլանդը կառավարել է դեռևս 2 տարի, սակայն վայելում է ֆրանսիացիների միայն 19%-ի աջակցությունը, կարելի է համարել, որ նրա վարկանիշը հասել է պատմական նվազագույնին, գրում է աղբյուրը։










