Հնդկական դասագրքի համաձայն՝ Ճապոնիան է միջուկային ռումբ նետել ԱՄՆ-ի վրա

16:24 • 07.02.14

Հնդկաստանում հրատարակված դպրոցական դասագրքում հայտնաբերվել է 59 փաստագրական սխալ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Times of India-ին: Սխալների թվում գրքում նշվում է, որ 1945 թվականին Ճապոնիան միջուկային զենք է նետել ԱՄՆ-ի վրա, մինչդեռ իրականում հակառակն է տեղի ունեցել:

 

Սխալները հայտնաբերվել են դպրոցի ութերորդ դասարանի երեխաների համար դասագրքում: Գրքի հրատարակիչը Գուջարաթ նահանգի կրթական խորհուրդն է:

 

Ձեռնարկը կազմողները ցույց են տվել ոչ միայն արտասահմանյան, այլև սեփական պատմության չիմացություն: Մասնավորապես, գրքում ասվում է, որ Մահաթմա Գանդին, որը համարվում է Հնդկաստանի գլխավոր խորհրդանիշներից մեկը, սպանվել է 1948 թվականի հոկտեմբերի 30-ին, իսկ իրականում նրան սպանել են 1948 թվականի հունվարի 30-ին:

 

Հնդկաստանի անկախությանը նվիրված հատվածում ասվում է, որ 1947 թվականին բրիտանական գաղութի հյուսիսային հատվածը ստացել է Իսլամական Իսլամաբադ անվանումը, իսկ մայրաքաղաքը դարձել է Հայբեր-Գհատը: Իրականում՝ Հնդկաստանից հյուսիս գտնվող երկիրը կոչվում է Պակիստան, իսկ դրա մայրաքաղաքն Իսլամաբադն է:

 

Մեկ այլ սխալ. ՅՈւՆԵՍԿՕ հապավումը բացվել է ոչ թե որպես Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն, այլ Միավորված ազգերի կրթական համայնքների և երեխաների հարցերով կազմակերպություն: