F*** EU. ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը ներողություն է խնդրել ԵՄ-ին հայհոյելու համար
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ներողություն է խնդրել Եվրամիության հասցեին հայհոյախառն արտահայտությունների համար, հայտնում է BBC-ն: Նա ընդունել է ձայնագրության իսկությունը: Իսկ Պետքարտուղարությունից կարծիք են հայտնել, որ ձայնագրության ի հայտ գալը Ռուսաստանի ձեռքի գործն է:
Նախօրեին ինտերնետում էր հայտնվել հեռախոսազրույցի ձայնագրություն, որում Նուլանդի ձայնը հիշեցնող ձայնով կինը ոչ պարկեշտ արտահայտություններ է անում ԵՄ-ի հասցեին: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ զրույցը բավական բաց կարծիքների փոխանակություն էր այն մասին, թե ինչպիսի հարաբերություններ պետք է կառուցի ԱՄՆ-ն ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ:
France Presse-ի փոխանցմամբ` այդ խոսակցության ժամանակ Նուլանդն ասել է, որ այնքան էլ լավ գաղափար չէ Վիտալի Կլիչկոյին Ուկրաինայի կառավարության կազմում ընդգրկելը: Նա դրական է արտահայտվել ընդդիմության մեկ այլ առաջնորդի` Արսենի Յացենյուկի մասին:
Ենթադրվում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել հունվարին, երբ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը Յացենյուկին առաջարկել էր վարչապետ դառնալ: Ուկրաինայում հարցերը կարգավորելու խնդրում ԵՄ-ի դերի առիթով Նուլանդը պարզապես ասել էր F*** EU` «Գրողի ծոցը ԵՄ-ն»:










