Լեհաստանի 90-ամյա նախկին նախագահի կինն ամուսնուն մեղադրում է դավաճանության համար և ապահարզան է պահանջում
Լեհաստանի նախկին նախագահ Վոյցեխ Յարուզելսկու կինը մեղադրել է ամուսնուն դավաճանության համար և պատրաստվում է 53 տարվա ամուսնական կյանքից հետո ապահարզան պահանջել: Այդ մասին 84-ամյա Բարբարա Յարուզելսկայան հայտնել է տեղական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, գրում է ИТАР-ТАСС-ը:
Նրա խոսքով՝ 90-ամյա պաշտոնաթող գեներալն ինտիմ հարաբերությունների մեջ է մտել իրենց 50-ամյա նախկին սպասուհու հետ: Վերջին ժամանակներում նա լիմֆոմայից բուժման կուրս անցնող նախկին նախագահի դայակի դեր էր տանում:
«Դեռ չորս ամիս առաջ ես պատրաստել եմ բոլոր թղթերն իմ փաստաբանի հետ: Եթե իմ ամուսինը չբաժանվի այդ կնոջից, ես դատարան կդիմեմ ապահարզանի պահանջով»,- հայտարարել է նախկին առաջին տիկինը: Յարուզելսկայայի խոսքով՝ ամուսինն արդեն իրեն զգուշացրել է, որ չի համաձայնի ամուսնալուծվել:
«Ես գիտեմ, որ շատերը մեզ կքննարկեն, բայց ես այլևս չեմ թույլ տա այդ կնոջը մեր տան շեմն անցնել: Նա իմ ամուսնուն մատի վրա պտտեցրել է և ցանկանում է հավակնել նրա ժառանգությանը»,- ասել է Յարուզելսկայան: Բացի այդ, Բարբարա Յարուզելսկայան ընտանեկան օջախը քանդողին մեղադրում է «անբարոյականության և ալկոհոլի հանդեպ հակվածության համար»:
Վոյցեխ Յարուզելսկին Լեհաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականից մինչև 1990 թվականը: Մինչև այս սկանդալը այս ընտանիքը համարվում էր օրինակելի:










