130-ից ավելի մարդ է վիրավորվել Բոսնիա և Հերցեգովինայում անկարգությունների ժամանակ

10:19 • 07.02.14

130-ից ավելի մարդ է վիրավորվել բոսնիական Տուզլա քաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ, վիրավորների թվում կա 104 ոստիկան, գրում է Взгляд-ը:

 

«30 ցուցարար և 104 ոստիկան ուղարկվել է Տուզլայի շտապօգնության կենտրոն: Վիրավորների մեծ մասը բողոքում է արցունքաբեր գազից թունավորումից»,- նշել են բժիշկները:

 

Տուզլայում ցույցերին, ԶԼՄ-ների տեղեկություններով, մասնակցել է 7 հազար մարդ: Ընդ որում՝ ոստիկանությունից հայտնել են, որ ցուցարարների թիվը չի գերազանցել 2 հազարը:

 

Իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ են օգտագործել ցուցարարներին ցրելու համար, երբ նրանք սկսել են պետական և համայնքային հաստատությունների վրա քարեր և ծուխ արձակող ռումբեր նետել: Իրավապահները տեղական վարչական շենքերի առջև պատ են կազմել, որպեսզի թույլ չտան ցուցարարներին մտնել շենքեր: RTVTK շրջանային հեռուստաալիքը հաղորդել է, որ ոստիկանությունը ցրում է ցուցարարներին, որոնք գնում են քաղաքի կենտրոնում խանութներ թալանելու և կոտրում են տների պատուհանները:

 

Բացի այդ, բողոքի ցույցերի ալիքն անցել է նաև Բոսնիա և Հերցեգովինայի այլ քաղաքներով, այդ թվում՝ մայրաքաղաք Սարաևոյով: