Ժամը 20։14-ին պաշտոնապես կբացվի «Սոչի-2014»-ը

09:47 • 07.02.14

Այսօր՝ ժամը 20։14-ին, ՌԴ Սոչի քաղաքում պաշտոնապես կմեկնարկեն Ռուսաստանի պատմության մեջ առաջին ձմեռային Օլիմպիական խաղերը։

 

«Ֆիշտ» մարզադաշտում այն պաշտոնապես կբացի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, Պուտինը կկատարի 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը, իսկ շոուի ավարտից հետո նախագահը ողջույնի կարճ խոսքով կդիմի մարզիկներին ու Օլիմպիադայի հյուրերին։

 

Միջոցառման ընթացքում կվառվի նաև գլխավոր Օլիմպիական ջահը, ինչը, սակայն, չի անի Պուտինը, քանի որ ՌԴ ղեկավարն իրեն չի համարում «ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչ»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում կան շատ արժանի ու համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկներ, որոնց մասնակցությունն այդ հարցում ավելի տեղին կլինի։

 

Օլիմպիադայի բացման արարողությունից առաջ Պուտինի անունից բարձրաստիճան հյուրերի պատվին պաշտոնական ընդունելություն տեղի կունենա։ Կանխատեսվում է, որ խաղերի բացման արարողությանը ներկա կգտնվեն 4 տասնյակից ավելի պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, իսկ ընդհանուր առմամբ Օլիմպիադայի ընթացքում Սոչի կայցելի մոտ 60 առաջնորդ։

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Օլիմպիադայի բացման օրը Պուտինը հնարավոր է հանդիպումներ անցկացնի արտասահմանյան գործընկերների հետ։ Նա ընդգծել է, որ Պուտինը կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։ Հաղորդվում է, որ նախագահը հանդիպելու է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

 

Հավելենք, որ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելու է 4 մարզիկ։