Զինղեկն ամբողջ դասարանի առաջ ասել է, որ Շահենն աղջիկ է ու շուտով մազերն ու եղունգները կերկարացնի. Շանթի կին
Անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, ռազմագիտության ուսուցիչը ամբողջ դասարանի առաջ ասել է՝ «Շուտով աղջիկ ես դառնալու, մազերդ ու եղունգներդ երկարացնես»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Շահենի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը:
«Նա անընդհատ հրահրել է տղայիս երկու օրերի ընթացքում, վիրավորել է ոչխար և նմանատիպ բառերով: Թեման աստիճանաբար տեղափոխել է քաղաքական դաշտ, ասել է, որ մեր ֆիդայինները, ազատամարտիկները իզուր են զոհվել, իզուր զոհվեց նաև վերջերս սահմանին Արմեն Հովհաննիսյանը: Մենք ստրուկ ենք եղել, ստրուկ էլ մնալու ենք: Ի վերջո, եկել և ուժեղ հարված է տղայիս, իսկ նա էլ ինքնապաշտպանության է դիմել»,- պատմեց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Շանթ Հարությունյանի որդու և 139 դպրոցի ռազմագիտության ուսուցչի միջև վիճաբանություն էր սկսվել, որն ավարտվել էր ծեծկռտուքով: Ուսուցիչը Շահեն Հարությունյանի կրծքավանդակին էր հարվածել, որից հետո աշակերտը աթոռով հարվածել էր ուսուցչի գլխին: Դեպքի առնչությամբ ոստիկանությունում կատարվում է հետաքննություն:
Ռուզաննա Բադալյանը նշեց, որ ինքն այսօր իրավապահ մարմիններից պահանջում է գործի անաչառ քննություն: «Պահանջում եմ բացահայտել նաև, թե ինչպես է մեր կրթական համակարգը հանդուրժում հակապետական, ապազգային այսպիսի երևույթ մի հաստատությունում, որտեղ կրթվում են ապագա սերունդները, ինչպե՞ս են մեր Զինված ուժերը հանդուրժում նման սպա»,- ասաց Շանթի կինը:
Ռուզաննա Բադալյանը նաև նշեց, որ թեև ոստիկաններն իրեն ասել են, թե Շահենի հարվածից ուսուցչի գլխի վրա պատռվածք է առաջացել, սակայն աշակերտները պատմել են, որ վիճաբանությունից հետո, ուսուցիչը շարունակել է վարել դասը և արյուն չեն տեսել:
«Որևէ մեկի հետ ներկայումս վատ հարաբերություն չունի՝ թե՛ ուուցիչների, թե՛ աշակերտների հետ շատ լավ հարաբերություններ են, նրանք զերծ են մնում գնահատականներ տալուց, տղայիս ինչ-որ բաներ ասելուց: Նա արդեն դպրոց է գնում»,- ասաց նա:










