Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԼՂՀ իր պաշտոնակցի հետ

15:57 • 07.02.14

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին, այս մասին տեղեկացնում են ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակից:


Հանդիպման ժամանակ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորել է Արցախի խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը հանձնաժողովների ու խմբակցությունների մակարդակով և տարբեր ձևաչափերով հանդիպումները:


Կողմերը մեկ անգամ ևս հավաստել են երկու հանրապետությունների հստակ դիրքորոշումն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և այդ հարցում կարևորել Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների շարունակականությունը:


Հիմնախնդրի կարգավորման հարցում երկուստեք կարևորել են խորհրդարանական դիվանագիտության լծակների արդյունավետ կիրառումը, հետևողական ու նպատակասլաց աշխատանքը միջազգային կառույցներում:


Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: