Սոչի՝ պատեհ առիթ, որ Պուտինն իրական օլիմպիական առաջնորդ դառնա Սիրիայի հարցում. The Financial Times

14:29 • 07.02.14

Սոչիի Օլիմպիական խաղերը կշլացնեն տեսարանով, սակայն միևնույն ժամանակ 1000 մղոն հեռավորության վրա՝ Սիրիայում, «ձյունն ու սառույցը վտանգավոր իրավիճակ են ստեղծում սննդի և դեղորայքի պակասից արդեն թուլացած կանանց և երեխաների համար»։ Այս մասին The Financial Times-ում հրապարակված բաց նամակում գրել են արևմտյան երկրների նախկին արտգործնախարարներ, նաև դիվանագետներ, գործարարներ, հասարակական և մշակութային գործիչներ։

 

Ինչպես փոխանցում է inopressa.ru-ն, նամակի տակ ստորագրել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, երաժիշտ Փիթեր Գաբրիելը, գործարարներ Ջորջ Սորոսն ու Ռիչարդ Բրենսոնը և այլք։

 

Ներկայում Սիրիայում ավելի քան 9 մլն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի, հիվանդանոցների 40%-ն ավերվել են, 2 մլն երեխաներ լքել են դպրոցը։

 

Սակայն Ռուսաստանն ի զորու է հանդես գալ օլիմպիական նախաձեռնությամբ, որն անմիջապես դեպի լավը կփոխի սիրիացիների կյանքը։ Այն կդառնա քաղաքական ժառանգություն, որով իրոք կկարողանա հպարտանալ ռուս ժողովուրդն ու աշխարհը։


Նամակի հեղինակները երեք բան են խնդրում նախագահ Պուտինից.


1) Զինադադար. «համոզել» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդունել բանաձև, որը սիրիական հակամարտության երկու կողմերին կոչ կանի օգնել հումանիտար օգնությունը տեղ հասցնելու հարցում, ինչպես նաև բացել «հակամարտության գծերն» ու Սիրիայի սահմանները, որպեսզի օգնությունը հասնի բոլոր կարիքավորներին։

 

2) Արդար խաղ. բանաձևով պահանջել, որ կողմերը համաձայնվեն պատերազմի միջնադարյան և անօրինական ռազմավարությունից, ինչպիսին, օրինակ, հիվանդանոցներն ու դպրոցները ռմբակոծելն է, և քաղաքացիական բնակչությանը թույլ տալ փախչել հարձակման ենթարկվող բնակավայրերից։

 

3) Խաղաղ գոյակցություն. կրկնել, որ Ռուսաստանն աջակցում է շարունակվող խաղաղ բանակցություններին, որոնք հող են ստեղծում սիրիացիների խաղաղ գոյակցության համար։

 

Հեղինակները խոստովանում են, որ Ռուսաստանն այդ ամենին միայնակ հասնել չի կարող, սակայն նկատում են, որ կարող է համագործակցություն տեղի ունենալ այնպես, ինչպես եղավ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման շուրջ համաձայնության գալու պարագայում։