Ռուս պաշտոնյան բերանից թռցրել է Սոչիի հյուրանոցների լոգարաններում տեսահսկող սարքերի առկայության մասին

11:28 • 07.02.14

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, պատասխանելով արևմտյան լրագրողների հարցերին, բերանից թռցրել է Սոչիի հյուրանոցային համարների լոգարաններում տեսահսկող սարքերի առկայության մասին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Մեկնաբանելով Սոչիի ենթակառուցվածքների թերությունների մասին արևմտյան ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվող հաղորդագրությունները՝ Կոզակը կարծիք է հայտնել, որ դրանք հայտնվում են Ռուսաստանի հանդեպ կանխակալ վերաբերմունքի պատճառով և որ դրանց հեղինակները միտումնավոր փորձում են փչացնել Օլիմպիադայի նորմալ աշխատանքը:

 

«Մենք տեսախցիկների ձայնագրություններ ունենք, որոնք ցույց են տալիս՝ ինչպես են մարդիկ բացում ցնցուղը, այն ուղղում պատի կողմը և այնուհետ հեռանում սենյակից մի ամբողջ օր»,- հայտարարել է Կոզակը: Երբ լրագրողները փորձել են նրանից տեսահսկման մասին մանրամասներ պարզել, փոխվարչապետի օգնականները հայտարարել են, որ մամուլի ասուլիսն ավարտված է:

 

Ավելի ուշ, սակայն, Կոզակի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Սոչիի հյուրանոցային համարներում կամ լոգարաններում ոչ մի տեսահսկում չի իրականացվում: Նրա խոսքով՝ տեսահսկում իրականում եղել է միայն օբյեկտների պատրաստման ընթացքում: Սոչիում շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու ընկերություններից մեկի ղեկավարը նույնպես հայտնել է WSJ-ին, որ հյուրանոցային համարներում ոչ մի տեսախցիկ չկա: