Ուկրաինայում ուժեղացվել է Յանուկովիչի անվտանգությունը

12:19 • 07.02.14

Ուկրաինայում ուժեղացվել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվտանգությունը, գրում է lenta.ru-ն՝ «Коммерсантъ-Украина»-ին հղումով, որն էլ վկայակոչում է Պետանվտանգության վարչության աղբյուրին:

 

«Այժմ նախագահի անվտանգությունն ուժեղացված է: Դա արտահայտվում է, մասնավորապես, նախագահի մոտ մտնող անձանց առավել ուշադիր զննմամբ, փաստաթղթերի առավել խիստ հսկողությամբ, տարածքների ուժեղացված ստուգմամբ»,- պատմել է աղբյուրը:

 

Վարչությունը, ի թիվս այլ միջոցառումների, արգելել է նախագահի ժամանակավոր կամ մշտական գտնվելու վայրերն այցելող քաղաքացիներին իրենց հետ ունենալ բջջային հեռախոսներ, աուդիո և տեսաձայնագրման սարքեր:

 

Բացի այդ, քաղաքացիներին արգելվում է իրենց հետ ունենալ պորտֆելներ և պայուսակներ, «կասկած առաջացնող նյութեր, որոնք կարող են օգտագործվել դիվերսիաներ և ահաբեկչություն իրականացնելու համար»:

 

Վարչությունից պարզաբանել են, որ «կասկածելի առարկաներն» անվտանգության աշխատակիցներն ինքնուրույն են որոշում:

 

Անվտանգության խստացման հրամանն ուժայինները բացատրում են երկրում լարված իրավիճակով: