Բելառուս ուսուցչուհին կարտոֆիլով աշխատող մարտկոց է ստեղծել
Եփած կարտոֆիլի հիման վրա գալվանական մարտկոց ստեղծած իսրայելցի գիտնականների օրինակից ներշնչված՝ բելառուս ֆիզիկայի 57-ամյա ուսուցչուհին ազգային մթերքի ևս մեկ արդյունավետ օգտագործման տարբերակ է գտել, որի միջոցով կարելի է լիցքավորել բջջային հեռախոսները: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով «Белорусские новости»-ին:
Անատոլի Օվսեյչիկն ու իր ուսանողը հաշվի առնելով, որ եփած կարտոֆիլն 8-10 անգամ ավելի արդյունավետ է քան հումը՝ փորձարկման համար հիմք են ընդունել կարտոֆիլի էլեկտրոլիտիկ հատկությունների արդեն հայտնի տվյալները:
Խոհարարա-գիտական ուսումնասիրությունը ներառում է՝ 5-6 եփած կարտոֆիլի խյուս և որպես էլեկտրոդներ օգտագործվող ցինկե և պղնձե ափսեներ: Օվսեյչիկը կարտոֆիլի փոխարեն փորձել է օգտագործել նաև կաղամբ ու ճակնդեղ, սակայն իրական բելառուսական կարտոֆիլի խյուսը մնացել է անգերազանցելի:
3 վոլտ հզորությամբ էլեկտրաէներգիա ստանալու համար անհրաժեշտ է եղել 1.5-ից 2 սմ հեռավորության վրա տեղակայված 4 ցինկե և 4 պղնձե ափսե (8-12սմ): Փորձի արդյունքները ցույց են տվել, որ 3 վոլտ էներգիան կբավարարեր լուսադիոդային լուսամփոփի 2 շաբաթյա օգտագործմանը: Բջջային հեռախոսի հաջող լիցքավորման համար անհրաժեշտ կլինի ևս 2 զույգ ափսե:
Գիտնականների պնդմամբ՝ այս տարբերակով պատրաստված ափսեներն ավելի արդյունավետ են, քան «Energizer» մարտկոցները:
Գիտնականները գտնում են, որ նման ձևով ստեղծված էլեկտրակայանները կլուծեն զարգացող երկրների էլեկտրամատակարարման խնդիրները, քանի որ առաջարկվող տարբերակն ավելի մատչելի է, բացի այդ՝ կարտոֆիլը ամենատարածված բանջարեղենն է, որն աճեցնում են շուրջ 130 երկիր:










