Վիեննայում հսկայական ինտերակտիվ «ժպիտ»-ը կարտացոլի քաղաքացիների տրամադրությունը
Ավստրիայի մայրաքաղաքում լուսարձակող «ժպիտ» է հայտնվել, որն արտահայտում է քաղաքացիների տրամադրությունը: Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ պողպատից և նեոնային խողովակներից պատրաստված 8 մետրանոց կառույցը զարդարում է Triester Strasse շինության տանիքը:
Շաբաթվա ընթացքում «ժպիտը» կցուցադրի Վիեննայի բնակիչների տրամադրությունը՝ վերլուծելով փողոցներում տեղադրված տեսախցիկներից ստացված տվյալները: Եթե տեսագրություններում հայտնված մարդկանց մեծամասնության դեմքի արտահայտությունը ուրախ լինի, ապա կառույցը ժպիտ ցույց կտա, հակառակ պարագայում՝ տխուր դեմք կերևա:
Վիեննան առաջին քաղաքը չէ, որտեղ կիրառվում է այս ակցիան. 2008-ին «ինտերակտիվ սմայլիկը» զարդարել է Բեռլինի փողոցները:
«Ինտերակտիվ սմայլիկը» գերմանացի նկարիչներ Յուլիուս ֆոն Բիսմարկի և Բենջամին Մաուսի, ինչպես նաև ավստրացի Ռիչարդ Վիլհերմերի ստեղծագործական նախագիծ է:











