«Արմթաբը» շուկայի առաջատարներին չի զիջելու. «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ

14:20 • 11.02.14

Հայկական «Արմթաբ» պլանշետը շուկայի առաջատարներին չի զիջելու ոչ մի բանով և մոտ 50 տոկոսով ավելի էժան է լինելու, այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը։


Նրա խոսքով՝ դեռևս գնի մասին չեն կարող խոսել, որովհետև դեռևս հաշվարկներ պետք է արվեն: «Հույս ունենք, որ մինչև մայիսի վերջ կունենանք արտադրություն»,- ասաց Վահան Շաքարյանը:


«Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահը նաև ասաց, որ մինչև հիմա թյուրըմբռնում կա այն հարցում, թե «Արմթաբ» պլանշետը Հայաստանո՞ւմ, թե՞ Չինաստանում է արտադրվում:


«Ամեն անգամ արտադրություն տեղի ունենալիս մենք Հայաստանից ուղարկում ենք Չինաստան որպեսզի կանգնեն արտադրության գլխին և վերահսկեն որակյալ արտադրությունը, իսկ դա մեծ գումարների հետ է կապված: Որոշում ընդունվեց, որ այդ արտադրական մասը Չինաստանից տեղափոխվի Հայաստան՝ «Միննո»–ի արտադրության համար»,- տեղեկացրեց Վահան Շաքարյանը։


«Միևնույն ժամանակ որոշում ընդունվեց, որ այս արտադրության ընթացքում ստեղծենք «Արմթաբ»-ը, որը «Միննո»–ի հետ միասին կարտահանվի ԱՊՀ և արաբական երկրներ ո՛չ թե «Միննո», այլ «Արմթաբ»: Այսօր ժամանակն է, որ բոլորս գնահատենք Հայաստանում եղած ինտելեկտուալ կարողությունները»,– ավելացրեց նա:


Վահան Շաքարյանը նաև ասաց, որ արդեն 3 տարուց ավելի է, ինչ իրենք Չինաստանում «Միննո» են արտադրում: «Հայաստանի շուկան այս ասպարեզում շատ չնչին է, դրա համար մեր հիմնական նպատակը «Միննո»-ի արտահանումն է»,-ասաց նա։


Ընկերության նախագահն ավելացրեց, որ իրենք չեն էլ պատրաստվում պայքարել Apple-ի կամ Samsung-ի դեմ։ «Մենք դա չենք ուզում, դա ինքնասպանություն կլինի»,-նկատեց Վահան Շաքարյանը: