One։1. Koenigsegg-ը կստեղծի աշխարհի ամենաարագընթաց մեքենան
Շվեդական Koenigsegg մեքենաշինական ընկերությունը հրապարակել է իր ամենաէքստրեմալ հիպերքարի՝ One:1-ի լուսանկարը, որը դառնալու է աշխարհի ամենաարագընթաց մեքենան, հայտնում է Euromag-ը՝ հավելելով, որ մոդելի պաշտոնական շնորհանդեսը կկայանա մարտին՝ Ժնևի ավտոսրահում։
Նորույթի զարգացրած առավելագույն արագությունը կլինի 450 կմ/ժ։ Հիպերքարը կստանա 5 լ ծավալով, 1.400 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչ և կկշռի 1.4 տոննա։ Դրա շնորհիվ մեքենայի քաշն ուղիղ հարաբերական է շարժիչի ձիաուժերի հզորությանը։ Այստեղից էլ գալիս է դրա անվանումը՝ One:1:
Ներկայում աշխարհի ամենաարագընթաց մեքենան է համարվում Bugatti Veyron-ը, որը 2010թ. ռեկորդ է սահմանել՝ զարգացնելով 431 կմ/ժ արագություն։
Նոր հիպերքարի մոտավոր արժեքը կլինի 2 մլն դոլար, ինչն անհամեմատ ավելի էժան է դրա ստեղծման վրա ծախսվելիք գումարից։ Սակայն շվեդական բրենդը նման քայլի է գնում Koenigsegg անունն աշխարհում առավել ճանաչելի դարձնելու նպատակով։










