«Ամենանուրբ» գաջեթների ցուցակում ներառվել է Apple-ի 4 սարքավորում
SquareTrade ընկերությունը, որը մասնագիտանում է համակարգիչների և բջջային սարքավորումների վերանորոգման և պաշտպանության ուղղությամբ, ուսումնասիրել է հայտնի գաջեթների ամրությունը։ Մասնագետները գնահատել են սարքավորումների դիզայնը՝ ամրության տեսանկյունից, և մի քանի թեստ անցկացրել, որի ընթացքում սարքերն ընկել են հատակին և ենթարկվել խոնավության ազդեցությանը, գրում է newsru.com-ը։
Փորձերի արդյունքներն անմխիթար են եղել առաջին հերթին Apple-ի պլանշետների և սմարթֆոնների տերերի համար. ամենանվազ ամրությամբ գաջեթների ցուցակում հայտնվել է այս ընկերության միանգամից 4 սարքավորում։ iPad mini-ն զբաղեցրել է առաջին հորիզոնականը, iPad Air-ը հայտնվել է 3-րդ հորիզոնականում, իսկ iPhone 5C և 5S սմարթֆոնները՝ 5-րդ և 8-րդ տեղերում՝ համապատասխանաբար։
Ցուցակում է ներառվել ևս 2 սմարթֆոն՝ Samsung ընկերությունից. Galaxy S4-ը զբաղեցրել է 2-րդ, իսկ Galaxy S3-ը՝ 4-րդ հորիզոնականը։ Samsung Galaxy Tab 3 պլանշետը զբաղեցրել է 7-րդ տեղը։
Մնացած հորիզոնականները ցուցակում զբաղեցրել են Google Nexus-ի 2 սմարթֆոններ՝ 6-րդ և 9-րդ հորիզոնականներ՝ համապատասխանաբար։ Ամենաամուր սմարթֆոն է ճանաչվել Motorola Moto X-ը։
Սակայն խոսել այս փորձերի լուրջ օբյեկտիվության մասին՝ պետք չէ։ Օգտատերերն ու պրոֆեսիոնալները բազմիցս փորձարկել են հայտնի պլանշետներն ու սմարթֆոնները, և արդյունքները հաճախ ճիշտ հակառակն են եղել, գրում է աղբյուրը։










