Ադրբեջանում մտադիր են պլանշետների արտադրություն սկսել
Առաջիկայում համակարգչային տեխնիկա արտադրող KÜR ընկերությունն Ադրբեջանում պլանշետների արտադրություն կսկսի. այդ մասին հայտարարել է Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az կայքը, ընկերության գլխավոր տնօրեն Ռիզվան Օսմանովը նշել է, որ Ադրբեջանի համակարգչային շուկայում այժմ անկում է գրանցվում։ «Դա կապված է գնորդների առաջնահերթությունների փոփոխության հետ։ Բնակչությունը նախընտրում է պլանշետներ»,-ասել է նա։
Օսմանովը հավելել է, որ այդ ոլորտում իրենց դժվար է լինելու մրցակցել համաշխարհային բրենդների հետ։ «Չնայած դրան՝ KÜR -ը կարող է հանդես գալ նոր ինտերնետ-նախագծով՝ պլանշետների իրացման համար։ Մենք նախատեսում ենք նախագիծն իրականացնել մոտ ապագայում»,-ասել է նա։










