Եվրահանձնաժողովն առաջարկել է համացանցի կառավարման համաշխարհային համակարգ ստեղծել
Եվրահանձնաժողովը հանդես է եկել համացանցը կառավարելու միջազգային համակարգի ստեղծման նախաձեռնությամբ:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է թվային տեխնոլոգիաների հարցով եվրահանձնակատար Նելի Կրուսը: Նրա խոսքով՝ նմանատիպ բարեփոխում իրականացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է համացանցային անվտանգության հանդեպ վստահության կորստով:
«Այս հարցը ԵՄ-ի օրակարգում կհայտնվի առաջիկա երկու տարիների ընթացքում: Եվրոպան պետք է կարևոր դեր խաղա համաշխարհային ցանցի ապագայի որոշման հարցում»,- ընդգծել է Կրուսը:
Եվրահանձնակատարն ընդգծել է նաև, որ Եվրահանձնաժողովի առաջարկի նպատակը համացանցի «բաց և թափանցիկ» կառավարումն ու զարգացումն ապահովելն է: Եվրահանձնաժողովի հստակ քայլերից նշվում է մասնավորապես թափանցիկ ինտերնետային քաղաքականության մշակման համար առցանց հարթակի գործարկումը:
Եվրահանձնաժողովի առաջարկը հետագայում կքննարկվի Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի կողմից:









