Արտերկրում ուսանելու համար գրավ սահմանելով՝ փակում ենք բոլոր դռները, որոնցով մարդիկ խուսափում են ծառայությունից. ԿԳ պաշտոնյա
«Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ պետական ծրագրերով արտերկրում ուսանելու մեկնող անձանց տարկետման իրավունք այսուհետ տրվելու է Կառավարության կողմից՝ համապատասխան գրավի դիմաց: Դա տարկետմա՞ն, թե՞ կրթության իրավունքի սահմանափակում է. այս հարցերի շուրջ այսօր ծավալված քննարկման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը կարծիք հայտնեց, թե իրենք փորձում են փակել բոլոր այն դռները, որոնցով մարդիկ փորձում են խուսափել ծառայությունից:
«Մենք պետք է տարանջատենք կրթության իրավունքը և պետության նկատմամբ պատասխանատվությունը: Եթե դու ընտրում ես պետության կողմից առաջարկող կրթաթոշակային ծրագիր, պարտավոր ես հաշվի նստել պետության կանոնների հետ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ նախարարության առաջնահերթ խնդիրը կրթություն ստանալն առաջնային նպատակ դարձնելն է. «Կրթության և գիտության նախարարությունը Զինապարտության օրենքի փոփոխությամբ մի նպատակ է հետապնդում, որ սովորելու մեկնեն նրանք, ում առաջնահերթությունը կրթությունն է»:
Քննարկման մյուս մասնակից, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանն էլ ասաց, որ «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ հարց չի լուծվում: Վերջինիս կարծիքով, հակառակը՝ այդ օրենքի փոփոխությամբ կրթության իրավունքը դառնում է ավելի խտրական:
Իսկ քննարկման մեկ այլ մասնակից, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ՝ կարևորը «Զինապարտության մասին» օրենքի փոփոխության նպատակն է, որը հստակ չէ: Ինչ վերաբերում է գրավի չափին, ապա նա ասաց. «Գրավի չափը` 8.5 միլիոն դրամ, ողջամիտ չէ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ 8,5 մլն դրամ գույքային գրավը վերաբերում է միայն միջկառավարական համաձայնագրերով արտասահման ուսման մեկնող ուսանողներին։










