Toyota-ն հետ է կանչում 1,9 մլն ավտոմեքենա՝ ծրագրային ապահովման հետ կապված խնդրի պատճառով
Ավտոարտադրող ճապոնական Toyota ընկերությունը հետ է կանչում 1,9 միլիոն ավտոմեքենա ողջ աշխարհում՝ ծրագրային ապահովման հետ կապված խնդրի պատճառով, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Գործակալության տվյալներով՝ անսարքությունները կարող են ավտոմեքենայի հանկարծակի կանգնելու պատճառ դառնալ:
«Որոշ դեպքերում շարժիչի հիբրիդային համակարգը կարող է անջատվել, և ավտոմեքենան կկանգնի՝ անգամ վարելու ընթացքում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:
Հետ կկանչվեն 2009-2014 թվականների արտադրության Prius մոդելի ավտոմեքենաները:
Սա արդեն առաջին դեպքը չէ վերջին ամիսների ընթացքում, երբ ճապոնական ավտոկոնցեռնը հետ է կանչում իր ավտոմեքենաները: Այդպես 2013 թվականի հոկտեմբերին Toyota-ն որոշել է հետ կանչել 885 հազար ավտոմեքենա՝ օդափոխման համակարգի հետ կապված խնդիրների պատճառով, իսկ ավելի վաղ սեպտեմբերին մոտ 700 հազար Toyota Sienna մինիվեն է հետ կանչվել Հյուսիսային Ամերիկայում՝ փոխանցման տուփի անսարքության պատճառով:










