Twitter-ը սկսել է թեստավորել Facebook-ի ոճով պրոֆիլների դիզայնը
Twitter սոցիալական ցանցը սկսել է նոր ինտերֆեյսի թեստավորումը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Mashable-ին:
Twitter-ի պրոֆիլում թարմացումներն առաջինը նկատել է Mashable-ի խմբագիր Մեթ Պետրոնզիոն: Մտնելով Twitter-ի իր հաշիվ` լրագրողը նկատել է, որ իր ավատարը և «իմ մասին» բաժինը տեղափոխվել են էջի ձախ հատված, իսկ թվիթների և բաժանորդների վիճակագրությանն ավելացել է ներբեռնած լուսանկարների և տեսանյութերի հաշվիչը:
Հիմնական փոփոխությունները, սակայն, կապված են էջի կենտրոնական հատվածի՝ թվիթների հոսքի հետ: Նախկինում ժամանակագրական հերթականությամբ ընթացող թվիթների ուղղահայաց բլոկի փոխարեն Պետրոնզիոյի լրահոսն այժմ բաղկացած է տարբեր բարձրության և լայնության հատվածներից: Դա ինտերֆեյսը դարձնում է ավելի նման մյուս սոցիալական ցանցերի՝ Facebook-ի և Google +-ի ինտերֆեյսերին:
Թե քանի մարդու մոտ է արդեն նկատվել ռեդիզայնը, հայտնի չէ: Twitter-ի ներկայացուցիչները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել թարմացումը:










