Անգելա Մերկելն առաջարկել է եվրոպական հաղորդակցային ցանց ստեղծել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է ստեղծել եվրոպական հաղորդակցային ցանց, որպեսզի էլեկտրոնային փոստն ու այլ տվյալներ չուղարկվեն ամերիկյան սերվերների միջոցով, այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Մերկելը նշել է, որ չի ողջունում Google-ի և Facebook-ի ծառայություններից օգտվելը, քանի որ այս ընկերություններն իրենց հզորությունը տեղակայում են տվյալների պաշտպանության ցածր մակարդակ ունեցող երկրներում, և աշխատում այնպիսի երկրներում, որտեղ համակարգչային անվտանգության բարձր մակարդակ կա, օրինակ՝ Գերմանիայում։
Գերմանիայի կանցլերը խոստացել է եվրոպական ցանց ստեղծելու հարցը քննարկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ՝ չորեքշաբթի օրը Փարիզ այցի ընթացքում։
«Անկասկած, մենք պետք է ավելին անենք՝ Եվրոպայի տվյալների անվտանգության համար»,-ասել է Մերկելը։
Օլանդի աշխատակազմից տեղեկացրել են, որ նման քննարկումներ արդեն ընթանում են, և ֆրանսիական կառավարությունը, ընդհանուր առմամբ, համաձայն է Բեռլինի առաջարկների հետ։
Եվրոպայում տեղեկատվական անվտանգության ապահովման հարցն ավելի էր կարևորվել, երբ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենն սկսել էր հրապարակել փաստաթղթեր այն մասին, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հետևել է ոչ միայն սովորական քաղաքացիների, այլև օտարերկրացի քաղաքական գործիչների ու դիվանագետների։










