Գիտնականների կանխատեսմամբ՝ 2050թ. Եվրոպային բնական խոշոր աղետ կսպառնա

23:28 • 17.02.14

Բելգիայի Ազատ համալսարանի պրոֆեսոր Ժան Պասկալ Վան Իպերսելեի կարծիքով, ով նաև Կլիմայի փոփոխությունների հարցերով միջկառավարական խմբի փոխնախագահ է, 21-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպան կարող է հայտնվել ջրհեղեղի իրական վտանգի առջև:

 

Ինչպես ներկայացնում է News.mail.ru-ն՝ RTBF-ի (Radio Télévision Belge Francophone) կայքին հղումով, անցնող հարյուրամյակի ընթացքում եվրոպական մայրցամաքում կարող է խոշորածավալ ջրհեղեղ տեղի ունենալ: Գիտնականի կարծիքով՝Բրիտանիայում մոլեգնող ջրհեղեղները խոսում են ապագայում սպասվելիք բնական աղետների մասին, որոնց համար պատճառ կարող է դառնալ ոչ թե ծովի մակարդակի բարձրացումը, այլ տեղումների ինտենսիվությունը: Դա նաև Երկրի կլիմայի գլոբալ փոփոխության և Արկտիկայի սառույցների հալեցման հետևանքն է:


Պրոֆեսոր Իպերսելեն հավաստիացնում է, որ Արկտիկայի սառույցների հալոցքն իր ազդեցությունն է ունենում համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի վրա՝ խախտելով օդային հոսքերի առկա համակարգը: Մթնոլորտում ավելանում է գոլորշու կոնցենտրացիան, ինչն էլ հանգեցնում է ուժեղ տեղումներին:

 

Իմպերսելեի կանխատեսմամբ՝ առաջիկա 30 տարիների ընթացքում Եվրոպային պարբերական ջրհեղեղներ են սպասվում, իսկ 2050-ից հետո վիճակն էլ ավելի կբարդանա: Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ կարող են հայտնվել ափամերձ քաղաքները, ինչպիսիք են Լոնդոնը, Ամստերդամը, Ռոտերդամը, Անտրվերպենը, Կոպենհագենը:
 

Գիտնականների կանխատեսմամբ՝ 2050թ. Եվրոպային բնական խոշոր աղետ կսպառնա