Samsung Gear 2 երկրորդ սերնդի «խելացի» ժամացույցները կհամալրվեն նոր օպերացիոն համակարգով

19:29 • 23.02.14

Samsung ընկերությունը հայտարարել է, որ «խելացի» ժամացույցների երկրորդ սերնդի Gear 2 և Gear 2 Neo մոդելները համալրվել են նոր օպերացիոն համակարգով և սեփական հավելվածներով:


Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն Digit.ru պորտալին հղումով, հարավկորեական ընկերությունն իր նոր Gear 2 և Gear 2 Neo ժամացույցները ներկայացրել է Բարսելոնայում MWC-2014 ցուցահանդեսի պաշտոնական մեկնարկից մեկ օր առաջ: Սարքավորումները համալրվել են Tizen օպերացիոն համակարգով, որը Samsung-ը մշակել է Intel-ի և մի շարք ասիական ընկերությունների հետ համատեղ:


Gear «խելացի» ժամացույցների առաջին սերունդ աշխատել է Android համակարգով: Ի տարբերություն առաջին սերնդի ժամացույցների դիզայնի՝ Gear 2 մոդելի տեսախցիկը հաջողվել է տեղադրել ժամացույցի կորպուսում: Նախկինում այն տեղադրված էր ժամացույցի գոտու վրա:


Հիմնական նորարարությունների շարքին են պատկանում սպորտային թեմայով հավելվածները, օրինակ սրտխփոցի հաճախականությանը հետևող «ֆիթնես» հավելվածը:


Gear 2 սարքը կառուցված է 1 գեգահերց երկմիջուկ պրոցեսորի հիման վրա, ունի 1.63 դյույմ անկյունագծով AMOLED էկրան՝ 320х320 կետայնությամբ, 2 մեգապիքսել տեսախցիկ, ինչպես նաև 512 մեգաբայթ օպերատիվ հիշողություն:


Gear 2 Neo մոդելը համալրված չէ ներկառուցված տեսախցիկով: Այն կշռում է ընդամենը 55 գրամ: Երկու մոդելներն էլ վաճառքի կհանվեն 2014-ի ապրիլին:
 

Samsung Gear 2 երկրորդ սերնդի «խելացի» ժամացույցները կհամալրվեն նոր օպերացիոն համակարգով