15 տարի անց ռոբոտները մարդկանցից խելացի կդառնան. Google
Google ընկերությունը նախատեսում է աշխարհում արհեստական ինտելեկտի ամենախոշոր լաբորատորիան բացել։ Google-ը գնել է նաև մի շարք ընկերություններ, որոնք զբաղվում են ռոբոտների և արհեստական ինտելեկտի ստեղծմամբ։ Ընկերությունը չի ցանկանում ռոբոտատեխնիկայի ոլորտում հետ մնալ մրցակիցներից, գրում է «Комсомольская правда»-ն։
Google ընկերության ինժեներիայի գծով տնօրեն Ռեյ Կուրցվեյլը կարծում է, որ 2029-ին ռոբոտներն իրենց ինտելեկտով կգերազանցեն մարդկանց։ 15 տարի անց նրանք կկարողանան սիրահետել, կատակել և պատմություններ պատմել, այսինքն՝ զրուցել։ Կուրցվեյլի կանխատեսումները պետք է հաշվի առնել, քանի որ նրա նախկին կանխատեսումները, ինչպես, օրինակ, այն, որ համակարգիչները կսկսեն հաղթել աշխարհի չեմպիոններին շախմատում, և ինտերնետը ծաղկում կապրի, արդեն իրականացել են։
Google-ի ինժեներները՝ 66-ամյա Կուրցվեյլի գլխավորությամբ, արդեն աշխատում են մի նախագծի վրա, որը թույլ կտա համակարգիչներին հասկանալ լեզուն և սովորել։
«Մենք ցանկանում ենք, որ համակարգիչները կարդան այն ամենը, ինչ կա համացանցում, և կարողանան օգտատիրոջ հետ խելացի զրույց վարել և պատասխանել ցանկացած հարցի»,- ասել է Կուրցվեյլը։










