WhatsApp-ը 19 մլրդ դոլարից էլ թանկ արժե. Ցուկերբերգ
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը, անդրադառնալով վերջերս WhatsApp հաղորդագրային ծառայության ձեռքբերման թեմային, նշել է, որ բջջային հավելվածն իրականում 19 մլրդ դոլարից ավելին արժե։
Ինչպես նշում է Газета-ն՝ CNN-ին հղումով, Ցուկերբերգը, ելույթ ունենալով Բարսելոնայում ընթացող Mobile World Congress համաժողովի շրջանակներում, ընդգծել է, որ ծառայության օգտատերերի թիվը կես միլիարդ է, ինչը վկայում է, որ այն ամենագրավիչ հավելվածն է բջջային սարքերի համար։
Ցուկերբերգի խոսքով՝ WhatsApp-ն իր օգտատերերի թիվը 1 մլրդ-ի հասցնելու ուղու վրա է։
«Աշխարհում շատ քիչ ծառայություններ կան, որոնք կարող են նման ցուցանիշների հասնել»,- ասել է նա։










