Իսպանացիները ստեղծել են սմարթֆոն, որն անհնար է գաղտնալսել
Իսպանական GeeksPhone ընկերությունը Բարսելոնայում կայացած Mobile World Congress համաժողովի ժամանակ ներկայացրել է իր ստեղծած սմարթֆոնը, որը հնարավոր չէ գաղտնալսել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Blackphone հեռախոսը, որը գործում է Android օպերացիոն համակարգով, համալրված է ամբողջությամբ կոդավորված հավելվածներով ու գործառույթներով, որոնք հավելյալ անվտանգություն են երաշխավորում օգտատիրոջ համար։
Դեպի համացանց մատչումն արվում է VPN կոչվող վիրտուալ անձնական ցանցով, որն ուղարկում և ստանում է օգտատիրոջ համար անհրաժեշտ տվյալները՝ ուրիշների համար դրանք գաղտնի պահելով։
Նորույթի գինը 629 դոլար է, սակայն անվտանգության ապահովման համար անհրաժեշտ մի քանի գործառույթների ներդրման դեպքում գինը հասնում է 1500 դոլարի։
Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա այն ունի 4.7 դյույմ անկյունագծով HD IPS էկրան, 2 Գհց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ, 16 Գբ ծավալով հիշողություն և գործում է 4G ցանցում։












