ՀՀ–ում ավանդական կապի միջոցներն իրենց տեղը զիջում են ինտերնետին. հետազոտություն
Հայաստանում ավանդական կապի ծառայություններն իրենց տեղը զիջում են ինտերնետին, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ամերիա» խորհրդատվական ընկերության խորհրդատու Հայկազ Ֆանյանը՝ ներկայացնելով ընկերության իրականացրած ուսումնասիրությունը հեռահաղորդակցության ոլորտի վերջին տարիների զարգացումների մասին։
«Ինտերնետ հասանելիության շուկայում առաջատարը «Բիլայնն» է, նաև ուսումնասիրել ենք ամենահաճախակի արվող քայլերն ինտերնետում, դրանք սոցկայքեր այցելելն է և տեսազանգ կատարելը»,- ասաց նա՝ նշելով, որ հետազոտության շրջանակներում հարցում են անցկացրել շուրջ հազար հոգու շրջանում:
Հետազոտությունը ներառում է մալուխային և հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման ծառայությունների շուկան, բջջային հեռախոսակապի, ինտերնետային հասանելիության, լարային հեռախոսակապի ծառայությունների շուկաները, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտի ծառայություններին փոխլրացնող ապրանքների շուկան:
«Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ անկախ հետազոտությունը հնարավորություն է տալիս տեսնել իրավիճակը, ինչպես նաև գնահատել հեռահաղորդակցության ոլորտի շուկաների ծավալը, հիմնական մրցակիցների շուկայական ռազմավարությունները, մշակել շուկայում հաջող և կայուն գործունեության ռազմավարություն, տեղեկացված լինել ոլորտի զարգացումների և օգտագործողների նախասիրությունների ու պահանջմունքների մասին։
«Այն ունի նաև որոշակի բիզնես նպատակ, և այսօր կարող ենք ասել, որ այդ մշակույթն արդեն ձևավորվում է»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ հետազոտության ամբողջական փաթեթն արժե 1 200 000 ՀՀ դրամ:










