Facebook-ն ու Instagram-ը սահմանափակել են զենքի գովազդը
Facebook սոցկայքն իր ծառայություններում, այդ թվում՝ Instagram-ում, հրազենային զենքի գովազդային հայտարարությունների հրապարակման նոր կանոններ է ընդունել, որոնք պահանջում են հետևել համապատասխան օրենսդրությանը, գրում է newsru.com-ը։
Ըստ նոր կանոնների՝ մասնագիտացված ընկերություններին և անհատ վաճառողներին Facebook-ը կուղարկի հաղորդագրություններ՝ համապատասխան օրենքներին հետևելու վերաբերյալ։ Բոլոր հայտարարությունները և սոցկայքի էջերը, որոնք օգտագործվում են զենքի գովազդի և վաճառքի համար, պետք է տեղեկացնեն օգտատերերին օրենսդրության մասին։
Նման հաղորդագրությունները հասանելի կլինեն միայն 18 տարեկանից բարձր օգտատերերի համար։ Առանց կանոններին հետևելու հաղորդագրությունների հրապարակումն արգելված է։










