Թռչող մեքենայի գաղտնիքը. ամերիկյան ընկերությունը մտադիր է այն վաճառքի հանել հաջորդ տարի (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան Terrafugia ընկերությունը որոշել է բացահայտել, թե ինչպես է ստեղծվել Transition թռչող մեքենան, որի վերջնական ներկայացումը նախատեսում է իրականացնել հաջորդ տարի:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը՝ ընկերության կողմից առաջարկվող նորարարության նպատակն է օդանավ ստեղծել, որը հնարավոր կլինի վարել գետնի վրա: Transition անվանումն ստացած մեքենան գործարկվել է 20 րոպե տևողությամբ ցուցադրական թռիչքի ժամանակ հուլիսին: Այժմ մեքենան հավելյալ ստուգումներ է անցնում:
Transition-ն իրենից կիսով չափ սեդան և կիսով չափ ինքնաթիռ է ներկայացնում, որը նախատեսվում է վաճառքի հանել 2015-ին: Մեքենան նախագծվել է 7 տարիների ընթացքում, իսկ առաջին փորձարկումը տեղի ունեցել 2012-ին՝ 8 րոպեանոց թռիչքի ժամանակ:
Terrafugia Transition-ն ունի երկու նստատեղ, 4 անիվ և թևեր, որոնք կարող են ծալվել: Այն կարող է տանել երկու ուղևորների և աշխատում է ոչ էթիլային բենզինով: Այն ձեռք բերել կկարողանան օդաչուի վկայական ունեցող անձինք, ովքեր հաջողությամբ կհանձնեն 20-ժամյա փորձնական թեստը:



















