Սնոուդենը միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել ԱՄՆ-ի անվտանգությանը
Ամերիկյան հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ԶԼՄ-ների միջոցով էլեկտրոնային գաղտնալսման մասին նյութեր էր տարածել, ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը մի քանի միլիարդ դոլարի վնաս է հասցրել, հայտնում է BBC-ն` վկայակոչելով ԱՄՆ-ի Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսիի գնահատականը:
«Գողացված փաստաթղթերի ճնշող մեծամասնությունը կապված է եղել մեր ռազմական հնարավորությունների, գործողությունների, մարտավարության, եղանակների և գործընթացների հետ»,- պարզաբանել է նա: Պաշտոնյան նաև հավելել է, որ վնասի գնահատման միջգերատեսչական խումբը «ստիպված կլինի մոտավորապես 2 տարի աշխատել, և դա խոսում է խնդրի մասշտաբների մասին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Սնոուդենը նույն այդ գործունեության համար առաջադրվել է Խաղաղության նոբելյան մրցանակի:










