Լեհաստանում ստեղծված սարքը թույլ է տալիս քունն առնել 2–3 ժամում
Լեհական ընկերությունը մշակել է գործիք, որը մարդկանց հնարավորություն է տալիս քունն առնել 2-3 ժամվա ընթացքում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ИТАР-ТАСС -ին:
Սարքը իրենից ներկայացնում է մի սենսորային դիմակ, որն օգտագործվում է քնի քարտեզագրման նպատակով: Սենսորները չափում են օրգանիզմի կենսաբանական ազդանշանները, այդ թվում՝ ուղեղի գործունեությունը, աչքի խնձորակների շարժը և մկանների լարվածությունը:
Հավաքագրված տվյալները փոխանցվում են սմարտֆոններին, և հատուկ նախատեսված ծրագիրն ստեղծում է օգտատիրոջ քնի քարտեզը:
Ղեկավարվելով ծրագրի հրահանգներով՝ օգտատերը կարող է հաշվարկել քնի և գիշերային հանգստի տևողությունը:
Այդուհանդերձ՝ բժիշկներն զգուշացնում են, որ սարքի ամենօրյա օգտագործումը չի խրախուսվում: Մեծահասակներին քնի մեկ գիշերվա համար 5-ից 10 ժամ է անհրաժեշտ: Ընդ որում՝ կարևոր է, որ օրգանիզմն ընկղմվի խորը քնի մեջ:










