Քաղցկեղն այժմ կարելի է բուժել առանց քիմիաթերապիայի. իսրայելցի գիտնականները շիճուկ են ստեղծել
Այժմ հնարավոր է քաղցկեղը հաղթահարել առանց քիմիաթերապիայի. իսրայելցի գիտնականները ստեղծել են շիճուկ, որի միջոցով էլ հնարավոր է դա անել, հայտնում է HTB-ն:
Դեղամիջոցը դեռ պետք է բազմաթիվ կլինիկական փորձարկումներ անցնի, սակայն արդեն իսկ ճանաչվել է 2013-ի գիտական ձեռքբերում:
Շիճուկը ստեղծել են Վայցմանի անվան ինստիտուտի իմունոլոգիայի պրոֆեսոր Լեա Այզենբախն ու նրա գործընկերները 30 տարվա աշխատանքի արդյունքում: Շիճուկով, ըստ գիտնականների, հնարավոր է քաղցկեղի 20 տեսակ բուժել՝ ամենատարբեր փուլերում:
Այզենբախը պատկերավոր ձևով այսպես է ներկայացրել դեղամիջոցի ներգործությունը. «Մենք ստեղծել ենք շիճուկ, որն ակտիվացնում է իմունային համակարգը՝ այնպես, որ նրա գլխավոր պայքարող մասնիկները՝ լիմֆոցիտները, սուպերզինվորներ են դառնում: Նրանք գտնում են ուռուցքի բջիջները՝ ինչպես էլ որ դրանք քողարկվեն, և ոչնչացնում են»:
Շիճուկը փոփոխվում է՝ ըստ քաղցկեղի տեսակի, դրա հիմքում պրոտեինների խմբեր են՝ հատուկ դասավորությամբ: Դեղամիջոցը ներարկվում է արյան մեջ:










