«Ես և շրջակա աշխարհ» դասագրքում «գենդեր» բառ չի եղել, բայց ծրագրից որոշ նախադասություններ հանվել են
Կրթության նախարարության հանրակրթության վարչությունը ուսումնասիրել է 2-ից 4-րդ դասարանների աշակերտներին նոր ուսումնական տարվանից դասավանդվող «Ես և շրջակա աշխարհը» դասագիրքը և այնտեղ չի հայտնաբերել գեթ մեկ «գենդեր» բառ, սակայն ծրագրից, որը գտնվում է ուսուցիչների ձեռքին, որոշ նախադասություններ հանվել են: Եվ փոփոխություններն արդեն իսկ արված են եղել հունվարին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարությամբ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ով «Ես և շրջակա աշխարհը» դասագրքի հետ կապված բարձրաձայնված մտահոգություններից հայտարարել էր, որ դասագիրքը կուսումնասիրվի:
«Օրինակ՝ գրված է եղել՝ «հասկանալ սեռային որոշ կարծրատիպերի պայմանական լինելը». սա հանվել, դարձել է՝ «կարողանալ հասկանալ տղաների և աղջիկների դերը շրջապատում, նրանց զգացմունքների և նախասիրությունների տարբերությունները»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը:
Մեկ այլ նախադասություն՝ «նախնական գիտելիքներ ունենալ մարդկանց լեզվական, մշակութային, ռասսայական, տարիքային, սեռային և այլ տարբերությունների և բազմազանության մասին», ևս փոփոխվել է. նոր ծրագրով այս նախադասությունը նույնն է մնացել, բացառությամբ, որ հանվել է «սեռային» բառը:
ԿԳ հանրակրթության վարչության պետի խոսքով, քանի որ վիճելի ու երկիմաստությունների տեղիք տվող դրույթները եղել են ծրագրում և ոչ դասագրքերում, դրանց վերատպության խնդիր չի առաջանա:










