Lenta.ru-ի գլխավոր խմբագիրը հեռացվել է աշխատանքից

17:42 • 12.03.14

Lenta.ru լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոն հեռացվել է աշխատանքից, հայտնում է kp.ru-ն՝ նշելով, որ պատճառների մասին չի հաղորդվում:

 

Նման որոշում է ընդունել «Афиша-Рамблер-SUP» միացյալ ընկերության սեփականատեր Ալեքսանդր Մամուտը:

 

Նոր գլխավոր խմբագիր կդառնա Ալեքսեյ Գորեսլավսկին: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում մարտի 12-ից:

 

Գալինա Տիմչենկոն, ով աշխատել է Lenta.ru-ում 1999 թվականին հիմնադրման օրվանից, ղեկավարել է գործակալությունը 2004 թվականից:

 

Ալեքսեյ Գորեսլավսկին «Афиша-Рамблер-SUP» միացյալ ընկերությունում աշխատում է 2013 թվականից: Նա զբաղեցնում է արտաքին հաղորդակցությունների գծով գլխավոր փոխտնօրենի պաշտոնը: Մինչ այդ Գորեսլավսկին գլխավորում էր «Взгляд.ру» ինտերնետային կայքը:

 

Այս որոշմանը նախորդել էր ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզորի» նախազգուշացումը lenta.ru գործակալությանն ուկրաինական ազգայնական «Պրավիյ սեկտոր» շարժման առաջնորդներից մեկի՝ Անդրեյ Տարասենկոյի հետ հարցազրույցի հրապարակման համար:

Lenta.ru-ի գլխավոր խմբագիրը հեռացվել է աշխատանքից