Շքեղ ավտոմեքենաներ. սահմանափակ քանակով թողարկվելիք 3 հատուկ մոդել Bugatti-ից, Audi-ից և Renault-ից (լուսանկարներ)

20:17 • 13.03.14

Ժնևի ավտոսրահում ներկայացվել են մեքենաների հատուկ թողարկման մոդելային տարբերակները, որոնք անտարբեր չեն թողնի մեքենաների սիրահարներին: Այս մասին գրում է Rbc.ru-ն՝ ներկայացնելով  երեք սահմանափակ քանակով թողարկվելիք հատուկ մոդելները՝ Bugatti-ից, Audi-ից և Renault-ից:

 

Bugatti-ն Ժնևում ներկայացրել է Bugatti Legends հայտնի սերիայի 4-րդ մոդելը՝ Rembrandt Bugatti-ն: Այս սերիան նվիրված է այն մարդկանց, ովքեր կարևոր դեր են խաղացել բրենդի պատմության մեջ՝ Ժան Պիեռ Վիմիլին, Բարտոլոմեո Կոնստանտինիին և բրենդի հիմնադիր Էտորե Բուգատիի որդուն՝ Ժան Բուգատիին: Այս անգամ ֆրանսիական ընկերությունն իր հարգանքի տուրքն է մատուցել հայտնի քանդակագործ Էտորե Բուգատի Ռեմբրանդտին:


Rembrandt Bugatti հատուկ տարբերակն ստեղծվել է Veyron Grand Sport Vitesse ռոդստերի հիման վրա: Քանի որ Ռեմբրանդտը սիրում էր աշխատել բրոնզով, մեքենայի թափքը ներկայացվում է շագանակագույն և բրոնզագույն երանգներով: Բենզինի բաքի կափարիչի վրա լազերով փորագրվել է Ռեմբրանդտ Բուգատիի ինքնագիրը: Մեքենայի սրահը պատված է կոնյակագույնի ազնվական երանգ ունեցող կաշվով, իսկ ետևի նստատեղերի միջև հայտնվել է Ռեմբրանդտի ամենահայտնի գործերից մեկի՝ պարող փղի արձանիկի կրկնօրինակը: Մոդելը թողարկվել է երեք օրինակով միայն, որոնք կվաճառվեն Արաբական Միացյալ Էմիրություններում և ԱՄՆ-ում:


Իր հատուկ մոդելով ներկայացել է նաև Audi-ն, որի թողարկումը նվիրվում է RS սերիայի առաջին մոդելի՝ RS2 Avant թողարկման 20-ամյակին: Գերմանական ավտոարտադրողը ներկայացրել է RS4 Avant մոդելի սահմանափակ քանակով մոդելը՝ RS4 Avant Nogaro-ն: Սրահի ձևավորման ժամանակ կիրառվել է Valcona կաշին: Փոխանցման տուփի վերին հատվածն ու դռների վերնամասը զարդարված են RS4 Nogaro Selection գրվածքով: Տեխնիկական առումով հատուկ տարբերակը ոչնչով չի տարբերվում RS4 Avant-ի ստանդարտ տարբերակից: Մեքենայի նախնական գինը կազմում է 121 հազար դոլար:

 


Ֆրանսիական Renault-ն ավտոսրահում ներկայացրել է Clio RS հատուկ տարբերակը՝ նվիրված Մոնակոյի Գրան-պրի հանրահայտ ավտոմրցարշավին: Clio RS Monaco GP շարժիչը նույնն է մնացել, ինչպես և սովորական մոդելում, իսկ ինտերիերն ու արտաքին տեսքը որոշ փոփոխությունների են ենթարկվել: Թափքը ներկայացվել է էքսկլյուզիվ մարգարտյա սպիտակ երանգով, իսկ ռադիատորի վանդակաշարը, թափարգելի ստորին հատվածը ներկված են փայլուն սև գույնով: Սրահը պատված է սև կաշվով: Մեքենայի գինը դեռ չի հրապարակվել:


 

Շքեղ ավտոմեքենաներ. սահմանափակ քանակով թողարկվելիք 3 հատուկ մոդել Bugatti-ից, Audi-ից և Renault-ից (լուսանկարներ)