Հայաստանում արդեն արտադրվում են բժշկական պարագաներ. դրանք կլինեն ավելի մատչելի ու որակյալ (լուսանկարներ)
Այսուհետ Հայաստանում կարտադրվեն բժշկական պարագաներ՝ ներարկիչներ, բժշկական ասեղներ, սրվակներ, և այլն: Այսօր Երևանում գործարկվեց «Մեգա Մեդ» ընկերության՝ մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրության գործարանը, որի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ ինքը միշտ երազել է, որ Հայաստանում բժշկական սարքավորումներ ու պարագաներ արտադրվեն, և արդեն նման գործարանի գոյությունը ուրախալի է բոլորի համար:
«Գործարանը մեծ օգուտ կբերի մեր համակարգին, առաջին հերթին իր ինքնարժեքի ավելի ցածր լինելով: Սա ամբողջ Հայաստանի պահանջարկը կբավարարի, դեռ մի բան էլ ավելին: Այստեղ բազմաթիվ աշխատատեղեր կունենանք և մեր հայրենակիցներից շատերը կապահովվեն աշխատանքով»,-ասաց նա և վստահեցրեց, որ ՀՀ-ում գործող հիվանդանոցները օգտվելու են այս գործարանի արտադրանքից, քանի որ դրանք որակով չեն զիջում ներկրվածներին և փոխարենը էժան կլինեն:
Այն, որ բժշկական պարագաները ավելի մատչելի են լինելու, քան շուկայում արդեն գոյություն ունեցող նմանօրինակ պարագաները հավաստիացրեց նաև գործարանի գլխավոր տնօրեն Ժիրայր Հեպոյանը: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ամեն դեպքում շուկայում վերջնական գինը իրենք չեն որոշում, այլ դեղատները:
«Եթե դեղատունը անբարեխիղճ գտնվի և բարձր գին սահմանի, մենք ոչինչ անել չենք կարող, բայց կարծում եմ ամեն դեպքում այստեղի արտադրանքը ավելի էժան կլինի՝ միաժամանակ չզիջելով որակական հատկանիշներով: Մեր արտադրանքը համապատասխանում է եվրոպական GMP ստանդարտին, որը մեզ հնարավորություն կտա նաև արտահանել տարբեր երկրներ»,-ասաց նա և տեղեկացրեց, որ գործարանի արտադրանքը շուկա կհանվի ապրիլի առաջին կեսին:
Ժիրայր Հեպոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործարանի գործարկումը բաղկացած է երեք փուլից, որի երկրորդ փուլը կգործարկվի տարվա կեսերին, իսկ երրորդը՝ հաջորդ տարի:
«Պլանավորվում է արտադրել ամսական 14 մլն հատ ներարկիչներ, 32 մլն հատ տարբեր տեսակի ասեղներ, ինսուլինի ներկարկիչի՝ 12-14 մլն ասեղներ, սրվակներ՝ 14-16 մլն: Մեզ մոտ մինչև մայիսի վերջ 400 աշխատատեղ կունենանք, իսկ երկրորդ փուլին ևս 400 հոգի կաշխատի մեզ մոտ: Դժվար է մասնագետներով ապահովել գործարանը, այսօր կիսով չափ արել ենք և մինչև մայիս ամբողջությամբ կապահովենք: Մեն ներկայումս անհրաժեշտ են տեխնոլոգներ, ինժեներներ, ինժեներ-մեխանիկներ»,-ասաց նա:
Նշենք, որ գործարանում արդեն իսկ իրականացվել են 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, իսկ արտադրության թողարկման ամբողջ ծավալին հասնելու պահին դրանք կկազմեն 47 մլն դոլար:










