Ցուկերբերգն Օբամային իր մտահոգությունն է հայտնել ինտերնետի անվտանգության հարցով
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հայտնել է, որ անհանգստացած է ինտերնետի անվտանգությամբ, և դրա պատճառն ԱՄՆ-ի կառավարության հետևելու ծրագրերի զանգվածային կիրառումն է:
«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ Ցուկերբերգն ասել է, որ երբ իրենց ինժեներներն աշխատում են ինտերնետի անվտանգության վրա, ապա դա անում են հանցագործներից և ոչ թե կառավարությունից պաշտպանվելու նպատակով: Այս մասին Ցուկերբերգը նշել է Facebook-ի իր էջում:
Նա ասել է, որ դիմել է Օբամային՝ ԱՄՆ-ի կառավարության գործողություններով պայմանավորված իր անհանգստությունն արտահայտելու համար:
Ցուկերբերգի հայտարարությանը նախորդել էր ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության հերթական գործողության մասին հայտնի դառնալը. ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տվյալով՝ ինտերնետում մարդկանց հետևելու համար ԱԱԳ-ն օգտագործել է ավտոմատացված հաքերական ծրագիր, որի գաղտնի անվանումն է TURBINE: Երբեմն դրա օգտագործման համար ամերիկացի գործակալները նաև կեղծ էջեր են օգտագործել Facebook-ում:










