Բիլ Գեյթսը Սնոուդենին հերոս չի համարում
Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը Rolling Stone պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության տվյալները բացահայտած Էդվարդ Սնոուդենին հերոս չի համարում, և վստահ է, որ նա խախտել է օրենքը, գրում է Forbes-ը։
Գեյթսի խոսքով, եթե Սնոուդենն իսկապես փորձեր լավացնել իրավիճակը, ապա նա պետք է ավելի զգույշ լիներ իր ձեռք բերած տեղեկությունների հրապարակման ժամանակ, մնար ԱՄՆ-ում և մասնակցեր հասարակական գործունեությանը։
«Դուք մեծ հիացմունք չեք լսի ինձանից»,- պատասխանել է Գեյթսն այն հարցին՝ արդյոք ինքը Սնոուդենին հերոս է համարում։
Աշխարհի ամենահարուստ մարդը նշել է, որ անհրաժեշտ է քննարկում իշխանությունների կողմից քաղաքացիների լրտեսելու հնարավորությունների մասին։ Ընդ որում՝ Գեյթսը նշել է, որ բանավեճերը չպետք է վերաբերեն կոնկրետ գաղտնի մեթոդներին, որոնք կիրառում է ԱԱԳ-ն, քանի որ մանրամասն քննարկման դեպքում այդ մեթոդներն այլևս հնարավոր չի լինի կիրառել։ Նրա խոսքով՝ քննարկումը պետք է լինի ընդհանուր հասկացությունների հիման վրա, օրինակ, ինչպիսի հանգամանքներում իշխանությունները կարող են լրտեսել։










